ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամեն ինչ իր գինն ունի

Ամեն ինչ իր գինն ունի
03.03.2025 | 21:59

Ուկրաինան ցանկանում է ազատ ապրել և վճարում է դրա դիմաց: Շատ թանկ է վճարում` Դոնբաս, Ղրիմ, տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր:

Ցավոք, ազատության համար չվճարել չի լինում: Դա Երևանի տրանսպորտը չէ: Ընդ որում, շատ անգամ թվում է, որ վճարումը կատարված է, սակայն ...

Մասնավորապես` թվում էր, որ Վրաստանն ու Մոլդովան կորցնելով, համապատասխանաբար` Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը վաստակեցին իրենց ազատությունը: Պարզվում է` այդպես չէ:

Թվարկածս պետությունների պարագայում, ազատության համար գնի սակարկությունները շարունակվում են: Ուկրաինան դեռ վճարելիք ունի: Պաշտոնական Թբիլիսին, ըստ էության, պատրաստ է ազատության մի մասը փոխանակել հյուսիսից եկող ինչ-որ «բարիքների» հետ: Մոլդովան հույս ունի ուժով վերադարձնել Մերձդնեստրը, որի ճակատագիրն էապես կախված է ռուս-ուկրաինական պատերազմից:

Մեծ հաշվով, մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը, գոնե` մինչև 2023 թ. սեպտեմբերի 19-ը, Հայաստանը կարող էր հանուն Արցախի զոհաբերել իր ազատությունը կամ դրա մի մասը:

Սակայն, 2020 թ. նոյեմբերի 9-ից, առավել ևս` 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի «զոհաբերություններն» անհասկանալի են:

Ի՞նչ է ուզում Հայաստանը:

Տրամաբանորեն` Հայաստանի ուզածը պետք է ազատությունը լինի, քանզի ինչ հնարավոր է` տարածքներ, զոհեր, արդեն վճարվել է: Այսինքն, ազատության համար Հայաստանը լիարժեք` մի բան էլ ավելի, վճարել է: Սակայն, Հայաստանում ազատության համար տեսանելի գործողություններ չեն իրականացվում: Ինչու՞:

Փաստորեն, վճարումը մինչև վերջ չի կատարվել:

Ի՞նչ է մնացել:

Փաշինյան Նիկոլի կարծիքով, մնացել է պետականությունը, որի գոյությունը վտանգված է: Այդ դեպքում, Հայաստանի բնակչությունը պետք է իմանա, թե ում, որքան և ինչ ձևաչափով է անհրաժեշտ վճարել պետականության պահպանման համար:

Ըստ Փաշինյան Նիկոլի ակնարկների, վճարման գինը Սահմանադրությունն է և «ճանապարհը»: Սակայն, թե´ Սահմանադրությունը, թե´ «ճանապարհը» Ադրբեջանի պահանջներն են: Այդ դեպքում, արդյո՞ք Ադրբեջանն է մեզ ազատություն պարգևելու: Անհավատալի է, քանզի Ադրբեջանն ինքն ազատ չէ:

Ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը պատրաստվում է Հայաստանի ազատության գինը «սխալ տեղ» վճարել: Եվ եթե այդպես է, ապա պատրաստ եղեք անընդհատ և շատերին վճարել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ